Չարշամա Սարե Սալե, Չարշամա Սոր, Այդա Տաուսի Մալակ անուններով հայտնի այս տոնը եզդիները նշում են ապրիլ ամսվա առաջին չորեքշաբթի օրը «Հին տոմարով», որպես Նոր տարի:
Ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, այնպես էլ եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն ու հիշարժան օրերը դարձել են տոներ և տոնակատարություններ: Այդպիսի տոներից է Չարշամա Սորը` «Կարմիր չորեքշաբթի», որը, պահպանելով ազգային արժեքները, նպաստելով ազգի գոյատևմանը, ամուր թելի նման կապել և կապում է մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Սա շատ հին տոն է, որը եզդիները տոնում են իրենց հազարամյա պատմության ընթացքում: Սոր ¥«կարմիր»¤ բառը միաժամանակ նշանակում է տոն: Եզդիական ցանկացած տոնից առաջ սկսում են նախապատրաստվել: Բոլորը պարտադիր պետք է զբաղվեն իրենց և տան մաքրությամբ: Հնարավորություն ունեցողները մատաղի պատրաստություն են տեսնում: Տան անդամները գունազարդում են տարբեր գույներով տունը, պատրաստում են ազգային տարբեր ճաշատեսակներ: Պատրաստված սեղանը, որպես կանոն, մինչև երեկո չի հավաքվում: Ազգականները, բարեկամները, համագյուղացիները միմյանց շնորհավորելուց հետո գնում են գերեզմանատուն, իրենց հետ տանելով մրգեր, քաղցրավենիք և այլ ուտեստներ: Ինչպես մյուս տոները, այնպես էլ Նոր տարին առիթ է, որ խռովածները հաշտվեն, ցանկանում են, որ տարբեր հիվանդությունները, աղքատությունը և փորձությունները մնան հին տարում և Նոր տարին սկսեն առողջ, բարեկեցիկ և երջանիկ:
Եզդիները այս տոնը տոնում են գարնանը, համարելով, որ Աստծո կամոք Մալակե Տաուսը ստեղծել է երկիրն ու կյանքը, գարնանը ամենուր կյանքը նորանում է: Եզդիները, ավանդույթի համաձայն, ապրիլ ամիսը դիտում են նորահարսի «Բուկա Սալե» ամիս: Դրա համար եզդիները ապրիլ ամսին որպես կանոն հարսանիքներ չեն անում:
Այս տոնի ժամանակ եզդիների հոգևոր առաջնորդանիստում` Լալշա Նուրանիում, կատարվում են տարբեր ծեսեր, որոնք ուղեկցվում են տարբեր աղոթքներով, իսկ երեկոյան վառում են ձեթի լամպերը: Մարդիկ հավատում են, որ Լալշա Նուրանին, նրա դրախտ աղբյուրները իրենց կպաշտպանեն չար ոգիներից, տարբեր հիվանդություններից և աշխարհում կհաստատվեն խաղաղություն ու համերաշխություն: Ինչպես միշտ, այս տարի նույնպես հայաստանաբնակ եզդիները տոնակատարություններն անցկացնում են Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում բարերար Միրզա Սլոյանի ընտանիքի միջոցներով կառուցված եզդիների Զիարատ սրբատեղիում:
Ցավոք, այս տարի օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդը ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում: Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի ստրկավաճառները հասցրին մինչև Աֆղանստան: Ահավոր ցավով և թափված արցունքներով մենք սպասում ենք, որ կդադարեցվի եզդիների ցեղասպանությունը և վերջնականապես կազատագրվի Շանգալը: Մենք սպասում ենք ճշմարտության ձայնին և արդարության հաղթանակին, աղոթում ենք մեր անմեղ զոհերի հիշատակի համար և պայքարում ենք նրանց թափած արյան համար:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստականների վրաններում գտնվող եզդիներին Նոր տարվա, Այդա Տաուսի Մալակ տոնի առթիվ: Ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, հաջողություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք: Թող իրականանան մեր բոլորի երազանքները, եզդիները այլևս երբեք ցեղասպանություն չապրեն, իրենց բնօրրանում ապրեն ազատ և անկախ: Թող այսուհետ աշխարհում ոչ ոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Իսկ բոլոր տոներն անցնեն խաղաղության, համերաշխության և ուրախության պայմաններում:
Աստված ապավեն։
Հասան ՀԱՍԱՆՅԱՆ
Հայաստանի եզդիների հոգևոր ղեկավար
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ